30/08/2016 12:15
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննեն Հարությունյանի փաստաբանները ահազանգում են. իրենց պաշտպանյալին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ
Հովհաննես Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են նայել, բոլորը պատճառաբանում են, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել» ,- ասաց Հ. Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով` հուլիսի 26-ին, երբ Հովհաննեսը վիրավորում է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ հետո: «Ամսի 26-ից հետո մինչ օրս որևէ վիրահատություն չի եղել», - նշեց նա:
Փաստաբանի համար անհասկանլի է այն, թե ինչու են իր պաշտպանյալին «Էրեբունի» ԲԿ-ում հսկել զինված ոստիկաններ:
«Ավելին, երբ Հովհաննեսը նրան ասել է հեռանա իր պալատից, զինված ոստիկանը նրան ասել է` «հեսա կթքեմ վրադ», - պատմեց փաստաբանը:
Հայարփի Սարգսյանը իր պաշտպանյալի հիվանդասենյակը քարանձավի է նմանեցնում:
«Խավարասերներ էին վխտում, իմ նեկայությամբ խավարասերները նրա վերքերի վրայով վազվզում էին: Հիվանդասենյակում աղբ էր կուտակված, սառնարանում որդեր էին, նրան շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը», - նշեց նա:
30-ից հետո, փաստաբանի խոսքով, փոխվել է նան հիվանդասենյակը, որը էականորեն չի տարբերել նախորդից: «Միայն պատերն են ներկել, բայց միջատները շարունակում են վխտալ: Նա իր կարիքները հոգում է հիվանդասենյակում, քանի որ չի կարղանում քայլել և այն ինչ տեղի է ունենում, ժամերով մնում է հիվանդասենյակում ու անտանելի հոտ է տարածվում», - մանրամասնեց Հովհաննես Հարությունյանի փաստաբանը:
Հովհաննես Հարույունյանի մյուս փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նշեց, որ երբ իր պաշտպանյալի վերքից արյուն է եկել, այդ արյունն այնքան ժամանակ չի փոխվել, որ չորացել է:
«Այնքան էր չորացել, որ բարձը սևացել էր», - նշեց նա:
Փաստաբանի խոսքով` Հովհաննես Հարությունյանն ինքնուրույն չի կարող իր կարիքները հոգալ: «Նա հավելյալ օգնության կարիք ունի, իսկ այդ օգնությունը նրան նորմալ չի ցուցաբերվում: Երբ իմ ներկայությամբ բժիշկը Հովհաննեսին «սիստեմա» էր միացնում, ինչը նրա մոտ չէր ստացվում, անկեղծացավ` ասելով, թե կյանքոմ առաջին անգամ է նման բան անում», - ասաց նա:
Հովհաննես Հարությունյանի երկու փաստաբաններն էլ նշեցին, որ իրենց պաշտպանյալին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: