30/08/2016 10:29
Քարվաճառում 16 օր է՝ ոռոգման և խմելու ջուր չկա. ՀԺ
ԼՂՀ Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառում արդեն երկու շաբաթ է, ոռոգման և խմելու ջուր չկա։ Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքում ստեղծվել է ծանր կենցաղային և սանիտարական իրավիճակ։
«Ծանրագույն վնաս է կրել և համարյա վերացել է մարդկանց ողջ տարվա աշխատանքի արդյունք՝ տնամերձ հողամասերի բերքը», -ասել է Քանանյանը։
Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը հաստատել է ջրամատակարարման խնդրի վերաբերյալ ահազանգը՝ նշելով, որ Քարվաճառի միջով անցնող Թարթառ գետը վարարել էր և 100 մետր երկարությամբ խողովակաշարի մի հատվածի մեջ քար և ավազ էր լցրել։
«Մեծ դժվարությամբ ենք գտել, թե որ մաս է խցանված։ Խցանված տեղը մաքրել ենք։ Հիմա աշխատանքներն ավարտել ենք, վաղվանից ջրամատակարարումը լիարժեք կկարգավորվի», - ասել է վարչակազմի ղեկավարը և հավելել, որ 100 կմ խողովակաշարի 24 կմ հատվածը հողի տակով է անցնում և դա է պատճառը, որ մեծ դժվարությամբ են հայտնաբերել խցանված մասը. Այդ ընթացքում էլ մոտ 20 կմ խողովակ վնասել են։
Խնդիրը կարգավորելուց հետո զոդման աշխատանքներ են տարվել։ «Կատարված աշխատանքների համար ֆինանսական միջոցներ դեռ չեն հատկացվել։ Գումարի մի մասը, հավանաբար, պետբյուջեից կտրամադրվի։ Հիմնականում օգտագործել ենք վարձով տեխնիկա, վարձու աշխատուժ», - ասել է Կ. Եղիշյանը։