30/08/2016 20:00
ՄԱԿ. Ֆրանսիայում բուրկինի կրելու արգելքը պետք է չեղարկվի
Ֆրանսիայի լողափերին բուրկինի կրելու արգելքը պետք է անհապաղ չեղարկվի, հայտնում է ТАСС-ը:
Ֆրանսիայի հանգստավայր-քաղաքների իշխանություններին այսպիսի կոչով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:
Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը Ժնևում ճեպազրույցի ժամանակ ողջունել է Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշումը, որը օգոստոսի 26-ին բուրկինի կրելու արգելքը համարել է անօրինական, որն ընդունվել էր Նիսի մոտ գտնվող Վիլնյով Լյուբե քաղաքում:
«Մենք բոլոր մյուս մերձափնյա քաղաքների և հանգստավայրերի իշխանություններին, որոնք նման արգելքներ են սահմանել, կոչ ենք անում անհապաղ չեղարկել դրանք»,- ասել է նա:
Քոլվիլը հիշեցրել է, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների համաձայն՝ «հավատքի կամ կրոնի արտահայտման սահմանափակումներ, ներառյալ՝ հագուստի ընտրությունը, թույլատրված են միայն շատ սահմանափակ հանգամանքներում, ներառյալ՝ հանրային անվտանգությունը, կարգը, առողջությունը և բարոյականությունը»: