30/08/2016 19:27
Հնդկաստանում ջրհեղեղը գերազանցել է բոլոր ռեկորդները
Հնդկաստանում Գանգեսի վարարման հետևանքով առաջացած ջրհեղեղը գերազանցել է նախորդ տարիների ջրի մակարդակի ռեկորդները, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Երկրի հյուսիսում գտնվող Փաթնեում (Բիհար նահանգի մայրաքաղաք) ջրի մակարդակը հասել է 50,52 մետրի (1994 թվականի 50,27 մետրի համեմատությամբ), ռեկորդային են եղել նաև Ութար–Փրադեշ նահանգի ցուցանիշները։
Այս տարի Հնդկաստանում ջրհեղեղները ավելի քան 150 մարդու կյանք են խլել, հազարավոր մարդիկ զրկվել են տանիքից։
Աշխարհում մեծությամբ երրորդ գետը ամեն տարի անձրևների շրջանին վարարում է։ Որոշ փորձագետներ ջրհեղեղների պատճառ են համարում տիղմը։ Նրանց կարծիքով՝ տիղմն ավերում է ափերը, և ջուրը, խոչընդոտների չհանդիպելով, հեղեղում է շրջակա բնակավայրերն ու գյուղատնտեսական հանդերը։