30/08/2016 13:44
Հայ գործարարը պատրաստ է 20 միլիոն դոլար ներդնել «Նաիրիտի» վերագործարկման համար. Կառավարությունը դեմ է
«EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգը պատրաստ է գնել և վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Իր հերթին, կաուչուկի արտադրության արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանն ընդգծեց, որ գործարանի վերականգնման համար երկար ժամանակ չի պահանջվի:
««Նաիրիտի» վերագործարկումը կապված չէ մեծ ծախսերի հետ: Սա աշխատունակ գործարան է և այն բոլոր խոսակցությունները, որ գործարանի աշխատունակ սարքավորումները վաճառվել են, չի համապատասխանում իրականությանը, ուստի մի քանի ամիս աշխատանքներ տանելուց հետո կարելի է «Նաիրիտը» վերագործարկել», - նշեց Գ.Ավետիսյանը:
«EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանն էլ նկատեց, որ իրենց մասնագիտական խումբը մի քանի անգամ եղել է գործարանում, հետազոտել այն և դիմել կառավարությանը՝ «Նաիրիտը» վերագործարկելու թույլտվություն ստանալու համար, մինչդեռ կառավարությունը մերժել է:
«Հոլդինգը հսկայական ծրագրեր ունի, որոնց համար պատրաստ է ներդրումներ կատարել: Այս ծրագրերի մի մասն էլ «Նաիրիտն» է կազմում, որի համար հոլդինգը պատրաստ է նախնական 20 միլիոն դոլար ներդնել», - ասաց Ա.Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ հոլդինգը նաև գրավոր նամակ է ուղարկել ՀՀ Էներգետիայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին, մինչդեռ մինչ այսօր մի քանի զանգ է ստացել Լ.Յոլյանից, որոնք ըստ էության ոչինչ չեն ասում:
«Մինչև հիմա չեմ հասկանում ցանկություն կա գործարանը վերագործարկելու, թե ոչ: Եթե կառավարությունը որոշի կրկին քննել այս հարցը և մոտ օրերս դրական արձագանք ստանանք կառավարությունից, ապա սեպտեմբերի 12-13 հոլդինգի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և ավելի մանրամասն կքննարկեն գործարանի վերագործարկման և ներդրումային ծրագրի հարցերը», - նշեց նա:
Խոսելով վերագործարկման հեռանկարներից՝ գործարանի առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանը հայտարարեց, որ հոլդինգի կողմից «Նաիրիտի» վերագործարկման դեպքում գործարանում մոտ 1500-2000 աշխատատեղ կբացվի: