31/08/2016 11:44
Բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանը հիմանդրել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը, որի նպատակը, նրա խոսքով, «քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբարելն է»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրապետյանը նշեց, որ հիմնադրամին արդեն իսկ փոխանցվել է որոշակի գումար:
«Այս պահին մենք կազմել ենք 68 հոգուց բաղկացած ցուցակ, որոնց պետք է առաջնային օգնություն ցուցաբերվի: Հիմնադրամի նպատակն է հարկ եղած դեպքում տրամադրել նաև բուժօգնության համար անհրաժեշտ գումար: Մենք տեսնում ենք, որ դատապարտյալների հիվանդանոցում չկան պայմաններ վիրավոր բանտարկյալների համար և եթե հիվանդանոցը չի կարող բանտարկյաներին սենյակ տրամադրել, ապա մենք կփորձենք հիմնադրամի միջոցով վերանորոգել գոնե մեկ-երկու սենյակ, որպեսզի տղաները ստիպված չլինեն խավարասերներին իրենց վերքերի վրայից քշել», - նշեց Հայրապետյանը:
Արմենակ Կյուրեղյանն էլ, ում գլխավորությամբ ստեղծվել է հոգաբարձուների խումբ, հավելեց, որ հիմնադրամը աշխատելու է թափանցիկ և դրա մուտքերն ու ելքերը հասարակության համար լինելու են բաց:
«Այսպիսով, մեր նպատակն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տղաներն իրենց միայնակ չզգան, ուստի հորդորում եմ յուրաքանչյուրին իր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել հիմնադրամին», - ասաց Կյուրեղյանը: