31/08/2016 16:31
Աշոտ Պետրոսյանի վիճակը լավ է. նա կկարողանա քայլել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում:
«Գանգատներ, ցավեր չունի, բժիշկների հսկողության տակ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Թե որքան ժամանակ Աշոտ Պետրոսյանը կմնա հիվանդանոցում, փաստաբանը դեռ հստակ չգիտի. «Դա արդեն բժիշկները պետք է որոշեն, ես հույս ունեմ, որ իրեն կթողնեն երկար մնա «Էրեբունի» ԲԿ-ում», - նշեց Արայիկ Պապիկյանը:
Նա փոխանցեց, որ բժիշկը վստահեցրել է՝ Աշոտ Պետրոսյանը կկարողանա քայլել:
Աշոտ Պետրոսյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել: Տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Կատարվել է վերջնական ֆիքսացիա: Նա, հիշեցնենք, աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել և ոսկորի կոտրվածք ուներ։
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):