31/08/2016 21:45
Ավստրալիայում մեկ տուփ ծխախոտի գինը կարող է հասնել մինչև 30 դոլար
Ավստրալիայի կառավարությունը դաշնային խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել առաջիկա 4 տարիների ընթացքում ծխախոտային արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով թանկացնելու մասին օրինագիծ, հայտնում է ТАСС-ը:
«Տարբեր ուսումնասիրությունների տվյալներով՝ հարկերի բարձրացումը ծխողների թվի կրճատման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է», - հայտարարել է եկամուտների և ֆինանսական գործողությունների հարցերով նախարար Քելլի Օ’Դուայերը:
Նա հայտնել է, որ ներկայումս Ավստրալիայում ծխում է մոտ 2,7 մլն մարդ: Բժիշկների տվյալներով՝ այդ մարդկանց մոտ երկու երրորդը կմահանա ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից, եթե չթողնեն այդ վնասակար սովորությունը:
Ավստրալիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ ծխախոտի ակցիզների թանկացումը կօգնի լուծել դաշնային բյուջեի քրոնիկական դեֆիցիտի խնդիրը, քանի որ առաջիկա 4 տարում գանձարանին կբերի լրացուցիչ 4,7 մլրդ դոլար (մոտ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար):
Սպասվում է, որ կառավարական օրինագիծը կհաստատվի առանց որևէ ձգձգման: Ներկայումս Ավստրալիայում մեկ տուփ ծխախոտն արժե 20-25 դոլար (15,2-19 ԱՄՆ դոլար): Տնտեսագետների կանխատեսմամբ՝ կառավարական ծրագրերի իրականացման արդյունքում 2020 թվականին մեկ տուփ ծխախոտը կարժենա ավելի քան 40 դոլար (ավելի քան 30 ԱՄՆ դոլար):