31/08/2016 19:08
Արամ Մանուկյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում:
«Նարկոզի ազդեցությունն արդեն անցել է, իր նորմալ դիրքին է եկել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ Արամ Մանուկյանը դեռևս չի կարողանում քայլել, ոտքը գետնին դնել:
Դիտարկմանը՝ խոսվում էր այն մասին, որ Արամի մորը թույլ տան հիվանդանոցում խնամել որդուն, Հարություն Բաղդասարյանը նշեց, որ նման որոշում չի կայացվել, Արամ Մանուկյանին խնամում է հիվանդանոցի անձնակազմը:
«Շատ լավ մոտեցում են ցուցեբերում: Որևէ բանից դժգոհություն չունի», - ասաց նա:
Արամ Մանուկյանը դեռ երկու – երեք օր հիվանդանոցում կմնա. «Հետազոտություններից հետո նոր կերևա, թե կարելի է արդյոք նրան արդեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», - հավելեց Արամ Մանուկյանի փաստաբանը:
Արամ Մանուկյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել: Սա նրա վիրահատության վերջնական փուլն էր, կատարվել է հատուկ մետաղական հարթակով ոսկրերի ֆիքսում:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: