31/08/2016 17:12
Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Դատարանը չի ներկայացրել մերժման հիմնավորումները, պարզապես հրապարակել է եզրափակիչ մասը», - լրագրողներին ասաց Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ քննիչն է առարկել միջնորդությանը՝ հայտարարելով, թե Արմեն Լամբարյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
Փաստաբանը շեշտեց՝ այս որոշումն իր համար սպասելի էր:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Արմեն Լամբարյանը կտրականապես հրաժարվել է ներկա գտնվել իր գործով դատական նիստին:
«Ասաց, ես իմաստ չեմ գտնում ներկա լինել այնտեղ, միևնույն է, բոլորի մասով էլ նույն որոշումն են կայացնելու», - նշեց փաստաբանը:
Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):