31/08/2016 16:32
Էստոնիայի նախագահի ընտրությունները կշարունակվեն սեպտեմբերի 24-ին
Էստոնիայի նախագահի ընտրությունները Ընտրողների կոլեգիայում կշարունակվեն սեպտեմբերի 24-ին, քանի որ չի հաջողվել խորհրդարանում նախագահ ընտրել, հայտնում է РИА Новости-ն հղում անելով երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:
Էստոնիայում անուղղակի ընտրությունների երկմակարդականի համակարգ է գործում. նախ խորհրդարանն է փորձում նախագահ ընտրել, բայց եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում ձայների անհրաժեշտ քանակություն հավաքել, ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում, որը ձևավորվում է խորհրդարանի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից:
«Էստոնիայի սահմանադրության և Հանրապետության նախագահի ընտրությունների մասին օրենքի համաձայն, խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը ընտրողների կոլեգիա է հրավիրել նախագահ ընտրելու համար, այն կգումարվի «Էստոնիա» համերգային դահլիճում` 2016 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Քվեարկության երեք փուլերի շրջանակում, որոնք խորհրդարանում ընթացել են երկուշաբթի և երեքշաբթի, պատգամավորներին չի հաջողվել Էստոնիայի ղեկավար ընտրել, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը: