31/08/2016 13:00
Լյուդմիլա Սարգսյանի ՎՍԴՀԿ-ն միանում է ԲՀԿ-ին
Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով:
Վերակազմյալ-Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մասնակցությունն է բերելու առաջիկա ՏԻՄ ընտրական գործընթացներին:
«Հաշվի առնելով տարիների սերտ համագործակցային հարաբերություններն ու կայուն փոխվստահությունը Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև, ինչպես նաև ընտրություններում հաղթանակ տանելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ հնարավորությունները՝ Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրտա Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը որոշում է կայացրել գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակներով և սատարել նրա կողմից առաջադրված թեկնածուներին:
Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,-ասված է ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության տարածած հայտարարությունում: