31/08/2016 12:28
Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր է. Հերմինե Նաղդալյան
Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Ռիշարդ Տերլեցկու հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա կարևորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանը իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների և դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Նա ընդգծել է, Հայաստանը թեև դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես, ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:
ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր են ներկայացնում, այդ թվում` բանակցությունների ողջ գործընթացում կառուցողական, հումանիստական բոլոր առաջարկների տորպեդահարումը և արգելափակումը դրա վառ ապացույցն են:
Հ. Նաղդալյանը մասնակցում է Վարշավայում անցկացվող Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովին: