31/08/2016 15:15
ՄԱԿ-ը Դարայայի բնակիչների տարհանումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է համարում
Դամասկոսի գրոհայինների վերահսկողության տակ գտնվող և կառավարական ուժերով շրջափակված Դարայա արվարձանի բնակիչների տարհանման մասին համաձայնագիրը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը: Նրա խոսքով՝ Դարայայում տեղի ունեցածը չպետք է նախադեպ ծառայի Սիրիայի մյուս պաշարված շրջանների համար, հայտնում է ТАСС-ը:
Օ’Բրայենը նշել է, որ ՄԱԿ-ը չի մասնակցել այդ համաձայնագրի ձեռք բերմանը, և «տարհանման մասին տեղյակ է պահվել դրա սկսվելուց մի քանի ժամ առաջ»: «ՄԱԿ-ը Սիրիայի կառավարության և Դարայայի բնակիչների խնդրանքով զբաղվում է մարդասիրական կարիքների և պաշտպանության պահանջմունքների գնահատմամբ բոլոր նրանց, ովքեր տարհանվել են, սակայն համաձայնագրերը, որոնք տանում են քաղաքացիական անձանց զանգվածային տարհանման երկարատև բլոկադայից հետո, չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքին և նորմերին», - ասել է Օ’Բրայենը:
Նրա խոսքով՝ քաղաքների պաշարմանը, որը «միջնադարյան մարտավարություն է», պետք է վերջ դրվի, բայց ոչ՝ «համաձայնագրերի միջոցով, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման»:
Դարայայի բնակիչների տարհանումը սկսվել է օգոստոսի 26-ին և տևել է երկու օր: