31/08/2016 14:18
Փաստաբան Վրեժ Խաչիկյանը տեղեկություն չունի, թե որտեղ է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի հայաստանցի փաստաբան Վրեժ Խաչիկյանը տեղեկություն չունի, արդյոք իր պաշտպանյալը լքել է Հայաստանը և այժմ գտնվում է Մոսկվայում:
«Ես նման տեղեկություն չունեմ: Ով նման հայտարարություն է արել, թող պարզաբանում ներկայացնի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրեժ Խաչիկյանը:
«Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ըստ այդմ, չեմ կարող հայտարարել, թե նա լքել է Հայաստանը կամ Հայաստանում է», - ընգծեց նա:
Նշենք, որ Սերգեյ Միրոնովի մյուս փաստաբան Կարեն Ներսիսյանը այսօր «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ՌԴ քաղաքացին լքել է Հայաստանն ու այժմ Մոսկվայում է: Ս.Միրոնովը «Վնուկովո» օդանավակայանում խոսել է նաև լրագրողների հետ: Նա տեղեկացրել է, որ առաջիկա ժամանակահատվածում ձեռնպահ կմնա արտասահմանյան ուղևորություններից:
Վրեժ Խաչիկյանը Aysor.am-ին փոխանցեց , որ դատարանն իր իրավասության սահմանններում քննարկել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ 40 օր կալանք նշանակելու վերաբերյալ:
«Դատարանը ուսումնասիրեց գործում առկա նյութերը: Գործում ներկայացված չէր ԱՄՆ-ի կողմից տրամադրված և իրավասու մարմնի կողմից կայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում: Դատարանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ ներկայացված փաստաթղթերը թերի են: Ընդհանրապես, մեր օրենսդրության համաձայն, անհրաժեշտ փաստաթղթերի մեջ պետք է լինի տվյալ երկրի դատական համակարգի որոշում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, իսկ դատախազը հայտարարեց, որ իրենք նման փաստաթուղթ չունեն և չեն կարող ներկայացնել: Դատարանն էլ երեկ կայացրեց որոշում մերժելու վերաբերյալ, ընդամենը սա՝ մերժեց դատախազության միջնորդությունը», - ասաց Սերգեյ Միրոնովի փաստաբանը:
Նրա խոսքով՝ այլ արգելակում դատարանն իրավունք չուներ կիրառել Միրոնովի վրա և 12 ժամը լրանալուց հետո նրան պետք է բաց թողնեին. «Որովհետև մեր օրենսդրությամբ ու միջազգային կոնվենցիայով, եթե չի կիրառվել արգելանք, նրան պետք է բաց թողնեն»:
1986 թվականին ծնված Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց օդանավակայանում: Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Նա մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: