31/08/2016 15:15
Երևանում ինձ վերաբերվում էին ինչպես հյուրի. Սերգեյ Միրոնով
ԱՄՆ-ի խնդրանքով Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով արդեն վերադարձել է Մոսկվա, ասել է, որ Հայաստանում իրեն վերաբերվել են որպես հյուրի, իր նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվել, հայտնում է Ria Novosti-ն:
«Հայաստանի իշխանությունները թողել են միայն դրական տպավորություն: Ինձ այնտեղ վերաբերվել են ինչպես հյուրի: Հասկանալի է, որ իրավիճակի հետ կապված պետք է որոշակի սահմանափակումներ լինեին, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի ճնշում», - հայրենիք վերադառանալուց հետո լրագրողներին ասել է Միրոնովը:
Ինչպես հաղորդվում է, Սերգեյ Միրոնովը Հայաստանից Մոսկվա է մեկնել չորեքշաբթի կեսօրին:
«Վնուկովո» օդանավակայանում նրան ուղեկցել են կինն ու փաստաբանը:
1986 թվականին ծնված Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց օդանավակայանում: Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Նա մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: