31/08/2016 15:22
Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միանում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
«Սրտային վիրաբուժության մատչելիության ապահովման խնդիրը ստանում է այն լուծումը, որին գնում էինք վերջին մեկ տարվա ընթացքում», - ընդգծել է նախարարը:
Նա նշել է, որ որակական ցուցանիշներով սրտային վիրաբուժությունը և մասնավորապես` ինվազիվ վիրաբուժությունը զարգացած է մեր երկրում: Վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում մատուցվում է 11 բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում:
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ, և քննարկվել է նաև այնտեղ սրտի ստենտավորման գների իջեցման հարցը:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշել են, որ կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում են կարողացել իջեցրել սրտի ստենտավորման գները:
Տնօրենների խոսքով` կատարված գնային փոփոխությունները կնպաստեն հիվանդների թվի աճին, միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը: Ընդհանուր առմամբ` սրտի ստենտի գները երկու բժշկական հաստատությունում էլ զգալի նվազել են:
ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Նշվել է, որ ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը և կհետևեն արդեն իսկ մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող իրենց գործընկերների օրինակին: