31/08/2016 19:38
Օբաման և Էրդողանը կքննարկեն Գյուլենի արտահանձման հարցը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթաժողովում կքննարկեն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ պաշտպանելու ցանկացած մեկին, ով իրենց դաշնակցին վնաս է պատճառել, որ Վաշինգթոնը հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել է Թուրքիայի իշխանություններին:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ համագործակցում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ ապացույցների գնահատման հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի հետ համագործակցել Գյուլենի վերաբերյալ նոր տեղեկություններ հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: