31/08/2016 11:56
Իշխանությունները Անդրիաս Ղուկասյանին մահվան դուռն են տանում. Ֆելիքս Հայրապետյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանի դիտարկմամբ՝ իշխանությունները Անդրիաս Ղուկասյանին մահվան դուռն են տանում: Նման կարծիք Հայրապետյանը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Անդրիաս Ղուկասյանն այսօր արդեն 30-րդ օրն է հացադուլի մեջ է: Իշխանությունն ու դատական համակարգը գնացին այն քայլին, որ ցույց տան՝ մեր երկում կա քաղաբանտարկյալ: Եթե դատավորը հարցնում է արդյոք նա շարունակելու է իր պայքարը դուրս գալուց հետո, և Անդրիասի դրական պատասխանը լսելով մերժում կալանքը որպես խափանման միջոց հանելու հայցը, սա նշանակում է, որ ինչ հոդվածով էլ Անդրիասին դատեն, այս որոշումը միայն քաղաքական կլինի», - ասաց նա:
Հայրապետյանի խոսքով՝ Ղուկասյանի նկատմամբ «քաղաքական հաշվեհարդար է իրականացվում»:
«Նույն մեղադրանքը առաջադրվել էր չորս հոգու: Հետո բոլորին, բացի Անդրիասից բաց թողեցին: Սա այլ բացատրություն չունի», - նշեց նա:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահարելու հատկանիշներով: