31/08/2016 17:22
Մոսկվան մեկնաբանում է Երևանում Միրոնովի հետ տեղի ունեցած միջադեպը. Վաշինգտոնը որս է հայտարարել ՌԴ քաղաքացիների նկատմամբ
ԱՄՆ հետապնդում է սկսել ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ինչը չի նպաստում ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Միացյալ Նահանգները որս է հայտարարել ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Մենք այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք և համապատասխան զգուշացումներ արել ՌԴ քաղաքացիներին, որ Վաշինգտոնի և ԱՄՆ ուժային կառույցների կողմից կատարվող գործողությունները մենք որակում ենք որպես որս նրանց նկատմամբ»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին, որը կալանավորվել էր Հայաստանում ԱՄՆ խնդրանքով, այնուհետև ազատ արձակվել դատարանի որոշմամբ:
Զախարովան նշել է, որ այսպիսով ԱՄՆ խախում է միջազգային բոլոր իրավական նորմերը և խոչընդոտում ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունների կայունացմանը:
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որին Երևանի դատարանը հրաժարվեց ձերբակալել ԱՄՆ-ի խնդրանով, Երևանից մեկնել է Մոսկվա:
1986 թվականին ծնված Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց օդանավակայանում: Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Նա մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Փաստաբանի խոսքով՝ Միրոնովը աշխատում է որպես ծրագրավորող և կապ չունի ինչ-որ գաղտնի տեխնոլոգիաների հետ: