31/08/2016 22:27
Թուֆենկյան հիմնադրամի ծրագրերը նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը
Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։
Կարեն Միրզոյանը ողջունել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը և կարծիք հայտնել, որ դրանք զգալիորեն նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կարևորելով նաև միջազգային հանրությանը Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն արժևորել է Քրիս Բոհջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը բարձրաձայնելու գործում։