31/08/2016 09:26
Վարդան Ղուկասյանն աշխատելու է «Հայկական վերածնունդի» օգտին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:
Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է այս տեղեկությունը ասելով, թե Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ։ Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ– չափագետ է: Այդպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին։ Մարգարյանը չի հերքել նաև այս հնարավորությունը։
«Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի», - ասել է նա։