03/09/2016 12:49
ԵՏՄ անդամակցությունը բացասական է ազդել Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա. Եղիազարյան (Տեսանյութ)
ԵՏՄ անդամակցությունը տնտեսական, քաղաքական և անվտանգության առումով Հայաստանին ոչինչ չտվեց, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Ըստ տնտեսագետի՝ ԵՄ անդամակցությունը մեծ հեռանկարներ կարող էր բացել ՀՀ-ի առջև, մինչդեռ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, որից հետո տնտեսական համակարգում ոչ մի առաջընթաց չի գրանցվել:
«Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով, որտեղ քննարկվելու էր ասոցացման շրջանակներում ՀՀ-ում բարեփոխումներին ուղղված դրամաշնորհների տրամադրումը, ընդ որում խոսքը մի քանի միլիարդ եվրոյի մասին է, որը ԵՄ-ն պատրաստ էր տրամադրել Հայաստանին: Դրանք պետք է ծախսվեին այնպիսի կենսական ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքները, Հյուսիս-Հարավ մայրուղին, ջրային ենթակառուցվածները և այլն: Ասոցացման համաձայնագիրը նաև տալու էր անվտանգության երաշխիքներ, բայց այս ամենը մենք կորցրեցինք, իսկ ԵՏՄ անդամակցությունը ոչ տնտեսական, ոչ քաղաքական և ոչ էլ անվտանգության տեսանկյունից ոչինչ չտվեց Հայաստանին», - նշեց տնտեսագետը:
Եղիազարյանի պնդմամբ՝ ակնկալվում էր, որ անդամակցությունից հետո ՀՆԱ-ն պետք է 2-2.3% աճեր, արտահանման աճը պետք է կազմեր 15%, մինչդեռ այն նվազել է 4%-ով, իսկ ներմուծումը՝ 26.5%:
«Եթե անգամ գրանցվել է տնտեսական աճ, ապա դա պայմանավորված չէ ԵՏՄ անդամակցությամբ: ԵՏՄ-ն ի սկզբանե ձախողված նախագիծ էր, որը մեզ պարտադրված էր: ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը և վերածվել գաղութի, իսկ գաղութացված երկիրը ստեղծված է շահագործման համար», - նշեց բանախոսը՝ հավելելով, որ սուվերենությունը վերականգնելու համար ՀՀ-ն պետք է դուրս գա այն բոլոր կառույցների կազմից, որոնք կապ ունեն ՌԴ-ի հետ: