23/09/2016 17:17
Չինացիները «Միլանի» գնման բանակցությունների ժամանակ կեղծ փաստաթղթեր են ներկայացրել
Չինական ներդրողների խումբը, որը շարունակում է աշխատել «Միլանի» բաժնետոմսերի գնման ուղղությամբ, բանակցությունների նախնական փուլում կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, հայտնում է Sports.ru-ն: Ասիացի գործարարները պետք է իտալական կողմին բանկային երաշխիքներ ներկայացնեին։
Սիլվիո Բեռլուսկոնիի «Fininvest» կազմակերպությունը, որն ավելի վաղ համաձայնեցրել էր «Միլանը» չինացի գործարարներին 740 մլն եվրոյով վաճառելու հարցը, այդ թվում՝ ակումբի պարտքերը, ապրիլի 25-ին պոտենցիալ գնորդներից ստացել է բանկային փաստաթուղթ, որը տեղեկատվություն է պարունակել բանկային վերջին ակտիվության ու հաշվեհամարին 128 մլն եվրոյի առկայության մասին։
Սակայն «Jiangsu Co» բանկը, որի անունից ներկայացվել էին փաստաթղթերը, հայտարարել է, որ չինացի ներդրողներին նման փաստաթուղթ չի տրամադրել։ Չնայած այդ հանգամանքին, կողմերը շարունակում են բանակցությունները, որոնք պետք է ավարտվեն տարեվերջին։