23/09/2016 17:07
Սևանի քաղաքապետն իր հետ կատարվածը շոու է համարում
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր հետ կատարվածը համարում է շոու: Նրա խոսքով, աշխարհում ընդամենը երկու մարդու հետ խնդիր ունի:
«Մեկը Գեղարքունիքի մարզպետն է, մյուսը՝ Սևանի ոստիկանապետը: Այն, ինչ այսօր ինձ հետ տեղի է ունեցել, այդ ամեննն իրենք են արել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանը:
Սևանի քաղաքապետը նշեց՝ այս ամենն արվում է իր դեմ, որպեսզի իրեն հեռացնեն Սևանի քաղաքապետի պաշտոնից:
Ռուդիկ Ղուկասյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանն էլ Aysor.am-ի թղթակցին փոխանցեց, որ այսօր իր պաշտպանյալի հետ միասին ներկայացել է Մարտունու քննչական բաժին:
«Այնտեղ քննչական բաժնի ղեկավարը արձանագրություն կազմեց, որ մենք գրավոր դիմում ենք ներկայացրել, որպեսզի հետաձգեն իմ պաշտպանյալի հարցաքննությունը, քանի որ պարոն Ղուկասյանը քարոզարշավի հետ կապված հանդիպումներ ուներ: Խնդրեցինք հարցաքննությունը հետաձգել մինչև հոկտեմբերի 2-ը», - նշեց Ռուդիկ Ղուկասյանի փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չարաշահումների գործով հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի քաղաքապետը հարցաքննվում է որպես վկա:
Aysor.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է Սևան քաղաքում ստորգետնյա խողովակները անօրինական ձեռք բերելու և վաճառելու կապակցությամբ: