23/09/2016 17:47
Վերջ Ձեր զանգերին, Դուք իմ գործին խանգարում եք, մի զանգեք. «Վեդի Ալկոյից» հրաժարվում են պատասխանել հարցերին
Դեռևս ամսվա սկզբին «Վեդի Ալկոն» պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 15-ը աղավնաձորցիներին վճարել խաղողի մթերման դիմաց չվճարված 10 ամսվա պարտքը, որը կազմում է 140 մլն դրամ:
Օրերս Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը տեղեկացրել էր, որ գյուղացիները ի նշան բողոքի՝ կրկին դպրոց ու մանկապարտեզ չեն ուղարկում երեխաներին՝ պահանջելով վճարել պարտքը: Գյուղապետից տեղեկացանք նաև, որ փորձել են կապ հաստատել «Վեդի Ալկոյի» հետ, ինչն այդպես էլ չի հաջողվել:
Aysor.am-ը ևս փորձեց կապ հաստատել «Վեդի Ալկոյի» հետ և տեսնել, թե ինչ փուլում է գյուղացիներին պարտքի վճարման գործընթացը: Նշենք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն ստանալ «Վեդի Ալկոյից»: Մեր զանգերին ի պատասխան խնդրում էին ավելի ուշ զանգահարել՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չէ:
Այսօր կրկին փորձեցինք կապ հաստատել ընկերության տնօրենի հետ, մինչդեռ մեզ տեղեկացրին, որ տնօրենը գրասենյակում չի լինում, ուստի չի կարող մեզ հետ խոսել: Հետաքրքրվեցին, թե կարող ենք խոսել փոխտնօրենի կամ տեղեկատվական բաժնի աշխատակցի հետ, ինչին ի պատասխան մեզ ասվեց, որ փոխտնօրենը ևս տեղում չէ, իսկ տեղեկատվական բաժին ընկերությունը չունի: Փոխարենը տնօրենի հետ խոսելու համար մեզ ուղղորդեցին Աղավնաձոր:
«Ինքը լինում է շրջաններում, լինում է Աղավնաձորի սարերում, կարող եք գնալ այնտեղ իրեն գտնել»,-պատասխանեցին «Վեդի Ալկոյից»:
Aysor.am-ի թղթակիցը կապ հաստատեց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանի հետ, ով նշեց, որ շաբաթվա ընթացքում ընկերության տնօրենի հետ հանդիպում չի եղել:
«Իրենց հետ չենք հանդիպել: Երեկ վարչապետը հանձնարարել է նախարարներին զբաղվել այս հարցով և իրենք են զբաղվում»,-նշեց գյուղապետը:
Գյուղապետի հետ խոսելուց հետո կրկին զանգահարեցինք «Վեդի Ալկո»՝ ճշտելու մեզ տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ ընկերության տնօրենը Աղավնաձորում է: Ինչին ի պատասխան մեզ ասացին. «Ոչ մի տեղեկություն չունեմ տնօրենի գտնվելու վայրից: Ես ենթադրելով եմ ասել, իր տեղը հստակ չգիտեմ: Ես այստեղ ֆինանսական գործերով եմ զբաղվում, քարտողարուհին այս պահին հիվանդանոցում է»:
Հարցին, թե ընկերությունում բացի տնօրենից չկա՞ մեկը, ով կպատասխանի մեր հարցերին, այլ ոչ թե ենթադրությունների հիման վրա կուղղորդի Աղավնաձոր, ստացանք հետևյալ պատասխանը.
«Դե ասում եմ չկա: Ես Ձեզ բացատրեցի, որ այդ հարցերով չեմ զբաղվում, ուրեմն ես էլ չեմ պատասխանի այդ հարցերին: Վերջ Ձեր զանգերին: Դուք իմ գործին խանգարում եք, մի զանգեք»:
Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի և «Վեդի Ալկոյի» տնօրենի մասնակցությամբ տեղի էր ունեցել նիստ, որում պայմանավորվածություն էր ձեռք բերվել 15-օրվա ընթացքում վճարել պարտքը:
Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել էր կարգավորել խաղողի մթերման գործընթացի՝ նշելով, որ ամեն տարի գործընթացը գլխացավանք է դառնում, քանի որ «Վեդի Ալկոն» չի կատարում իր պարտավորությունները: