24/09/2016 09:58
Ըստ Ռուդիկ Ղուկասյանի՝ Սևանի ոստիկանության բաժնի պետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրներ ստեղծում՝ կապված ընտրությունների հետ. «Ժամանակ»
Սևանի գործող քաղաքապետին երեկ բերման էին ենթարկել: Ռուդիկ Ղուկասյանը ոստիկանների այցից հետո զանգահարել է փաստաբանին, միասին ներկայացել են Մարտունու Քննչական բաժին, որտեղ բաժնի ղեկավար Արթուր Ավագյանին ներկայացրել են գրությունը հարցաքննությունը հետաձգելու մասին։ Մարտունու քննչական բաժնի ղեկավարը պատճառաբանել է, որ չի ստացել գրությունը, դրա համար բերման ենթարկելու որոշում է կայացրել։
Փաստաբանը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ քրեական գործ է հարուցվել, սակայն վստահությամբ կարող է ասել, որ Ռուդիկ Ղուկասյանը որպես վկա է կանչված։ «Արձանագրություն կազմելուց հետո Ռուդիկ Ղուկասյանը վերադարձել է իր աշխատանքի վայր՝ քաղաքապետարան»,- ասել է նա:
«Նման մեծ աղմուկ բարձրացնելը փորձ էր՝ ազդելու Սևանի քաղաքապետի արժանապատվության վրա»,- նշել է փաստաբանը և հավելել, որ ըստ Ռուդիկ Ղուկասյանի՝ Սևանի ոստիկանության բաժնի պետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրներ և խոչընդոտներ են ստեղծում՝ կապված ընտրությունների և քարոզարշավի ընթացիկ հանդիպումների հետ։