24/09/2016 09:55
Դաշնակցությունն ամբողջովին աջակցում է վարչապետին. ՉԻ
Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Կառավարության առաջին նիստում, երբ Կ. Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ և չարժի շոուներ անել։
«Չորրորդ իշխանությունը» գրել է, որ երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենց ամբողջովին աջակցում են Կարապետյանին։
«Այն ինչ արձանագրված է և մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, և այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջև ծառացած խնդիրներ են, վարչապետը վճռականորեն պատրաստակամ է և իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել։ Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին։ Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա։ Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,- ասել է նա: