26/09/2016 15:43
Արմեն Երիցյանն ԱԻՆ աշխատակիցներին է հանձնել ՀՀ նախագահի պարգևները
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության սկզբում Ա. Երիցյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանին` ՀՀ նախագահի կողմից փ/ծ գեներալ-մայորի կոչում ստանալու կապացությամբ և մաղթեց հետագա բեղուն աշխատանք:
Նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանին և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալները:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի:
ՀՀ ԱԻ նախարարության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստանալուց հետո ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և մարզային վարչությունների մասնաշենքերում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին։