26/09/2016 14:40
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումները բազմաժանր և անկակնկալներով լի են լինելու. Փոխքաղաքապետ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումները այս տարի լինելու են բազմաժանր և տոնական ուրախ մթնոլորտը ապահովվող, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«Բացօթյա հատվածներում մենք կունենանք ավանդական դարձած մեր բավական բազմաժանր միջոցառումները՝ ռոք, ջազ, էթնոմշակութային, այդ թվում և մարզերից ողջույներ: Կունենանք նաև մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների քիմքը բավարարող ամենատարբեր ժանրերի և ոճերի միջոցառումներ», - նշեց Ա.Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ այս տարի ավելի ակտիվ կլինի Խաչքարների պուրակը, Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ, որտեղ կտեղադրվի ազգային բեմահարթակ:
«Սկզբում ազգային փոքրամասնությունները իրենց էթնոմշակույթով հանդես կգան, որը հետո կվերածվի հայկական ազգագրական հարթակի», - ասաց փողքաղաքապետը:
Նա նաև նշեց, որ այս տարի բոլորին անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում քաղաքի ամենատարբեր հատվածներում:
«Մենք ունենք այս տարի բազմաթիվ երիտասարդական ֆլեշմոբեր, որոնք ամենուրեք են լինելու: Այն կմեկնարկի 14:00-ից», - ասաց Ա.Սուքիասյանը:
Փողքաղաքապետը հայտնեց, որ այս տարի միայն երկու փողոց է փակ լինելու՝ Էրեբունի թանգարան տանող Էրեբունի փողոցը և Աբովյան փողոց Թումանյան հատումից մինչև Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը: