26/09/2016 17:18
Արծվիկ Մինասյանին միշտ ընկալել եմ որպես լայնախոհ տնտեսագետ. Կարինե Դանիելյան
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հնարավոր նշանակումը բնապահպանության նախարարի պաշտոնում օրիգինալ լուծում է կառավարության կողմից, ասել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար (1991-1994 թթ), «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Շատ օրիգինալ լուծում է տվել կառավարությունը: Շատ հարգում եմ Արծվիկ Մինասյանին և իր աշխատանքը այս տարիներին, բայց միշտ ընկալել եմ նրան որպես լայնախոհ տնտեսագետ», - նշեց Կ.Դանիելյանը «Առաջին լրատվականի» եթերում:
Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում, Կ.Դանիելյանը երկու սցենար է տեսնում:
«Առաջին սցենարի համաձայն՝ էկոլոգիան լրիվ կենթարկվի էկոնոմիկային, որը ինձ համար ընդունելի սցենար չէ: Իսկ, մյուսը՝ Արծվիկ Մինասյանը, տիրապետելով տնտեսության ամբողջ համակարգին, կկարողանա տեսնել ամենախոցելի տեղերը, և լուծումները կգտնի կայուն զարգացման համատեքստում», - նշեց Կ.Դանիելյանը: