26/09/2016 19:27
Հալեպում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Սեպտեմբերի 25-ին Հալեպում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել Հալեպի նահանգապետը, քաղաքապետը, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հալեպահայեր:
Ընդունելությանն ելույթով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, ով, անդրադառնալով անկախության 25 տարիների ձեռքբերումներին և նվաճումներին, մասնավորապես նշել է, որ «25 տարի առաջ այս օրերին մեր ժողովուրդը բացեց պատմության ոսկետառ մի նոր փուլ՝ աշխարհին հայտարարելով, որ պատրաստ է լինել ազատ, անկախ, ինքնիշխան և կրել սեփական ճակատագիրը կերտելու մեծագույն պատիվն ու պատասխանատվությունը»: «Իրականացավ այն, ինչի մասին երազում էին աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայեր. Հայաստանը վերակերտեց անկախ պետականությունը», - նշեց նա:
Գլխավոր հյուպատոսը նաև ընդգծել է հալեպահայության կարևոր ներդրումը Հայաստանի պետականակերտման գործում, ինչպես նաև շեշտել, որ այսօր, երբ սիրիական ճգնաժամի հետևանքով հայկական համայնքը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, Հայաստանի Հանրապետությունը արել և անում է հնարավորը` նրանց աջակցելու և սատարելու համար:
Միջոցառման ժամանակ գլխավոր հյուպատոսը հալեպահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հանձնել է ՀՀ նախագահի կողմից շնորհված պետական պարգևներ:
Հանդիսության ավարտին Բերիո Թեմի առաջնորդ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին պարգևատրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ծառայության» շքանշանով: