26/09/2016 15:58
Ճարտարապետները որևէ անհանգստացնող բան չեն տեսնում, որ քաղաքաշինության նախարարություն այլևս չի լինելու
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը չի կարծում, թե քաղաքաշինության նախարարության վերացումից քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը կարող է տուժեն:
«Պարզապես, երևի կառավարությունը գտնում է, որ նախարարությունները շատ են, թե չէ մեզ մոտ միշտ էլ եղել են նման բաներ. եղել է ճարտպետկոմիտե, երբեմն եղել է շինարարության և ճարտարապետության կոմիտե, նախարարություն, կոմիտե, որը ներառված է եղել տարածքային կառավարման նախարարության կազմում: Այսինքն, ժամանակներից ելնելով միշտ էլ այդպիսի փոփոխություններ լինում են, բայց հիմնական գործառույթները պահպանվում են», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանը:
Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստին հայտարարվեց, որ կառավարության կազմում այլևս չի լինելու Քաղաքաշինության նախարարություն: Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:
«Կոմիտեն հիմնականում պահպանելու է իր բոլոր գործառույթները՝ կապված նորմատիվ ակտերի և մնացած խնդիրների հետ», - ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ եթե գործառույթները պահպանվում են, ապա որևէ խնդիր չի առաջանա այդ փոփոխությունից:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ևս այն համոզմանն է, որ որևէ բան չի փոխվելու նախարարության չլինելու փաստից, կարևորն, ըստ նրա, այն է, որ գործառույթները պահպանվելու են:
«Ոչ մի վտանգ և անհանգստացնող բան չկա, պարզապես անվանափոխման հարցն է: Աշխատակազմն ու գործառույթները մնալու են նույնը», - հաղորդեց Սաշուր Քալաշյանը: