26/09/2016 17:40
Կառավարության աշխատանքում դանդաղելու գործընթաց չեմ տեսել․ Սուքիաս Ավետիսյանը պատասխանում է Թևան Պողոսյանին
Կառավարությունն իր աշխատանքում չի դանդաղում, իսկ կառուցվածքային խնդիրների քննարկումն ուղղված է գործընթացների արագացմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Չեմ ուզում ուրիշի ասածները մեկնաբանել, բայց դանդաղելու գործընթաց ես չեմ տեսել, որովհետև կառավարության կազմը նոր պետք է նշանակվի։ Դեռևս երկու նախկին և չորս նոր նախարար է նշանակվել։ Հիմա ԱԺ արտահերթ նիստում կառուցվածքային խնդիրների քննարկումը ուղղված է գործընթացների արագացմանը», - նշեց Սուքիաս Ավետիսյանը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարությունը դանդաղում է։
Ս.Ավետիսյանը նշեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններին գնահատական տալ հնարավոր կլինի դրանց գործնական կիրառումից հետո։
Հարցին, թե ի՞նչ գործառույթներ կփոխվեն Սփյուռքի նախարարության աշխատանքում այն Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն վերանվանելու դեպքում՝ Ս.Ավետիսյանը նշեց․ «Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե նպատակ ուներ Սփյուռքի հետ կապերն ավելի սերտացնելու և դա ստացվեց»։
«Երբ գործուղումների բերումով լինում ենք տարբեր երկրներում, տեսնում ենք այդ կապը։ Հիմա նախարարության առջև այլ խնդիր է դրվում։ Սփյուռքի նախարարության խնդիրը ոչ միան հայրենիքի հետ սերտ կապեր ապահովելն է, այլ դրանք օգտագործելը, որպեսզի մենք կարողանանք սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վերադարձնել հայրենիք։ Սփյուռքի նախարարությունն իր հետագա ռազմավարական ծրագրերում հենց այս խնդիրը պետք է դնի, որպեսզի այդ մարդիկ կարողանան գալ հայրենիք, ապրեն ու աշխատեն այստեղ», - ասաց Ս.Ավետիսյանը: