26/09/2016 14:33
Հայաստանում 2016-ին խաղողի բերքն առնվազն 20% ցածր է լինելու 2015-ի համեմատ. Գինեգործների միության նախագահ
Հայաստանում այս տարի խաղողի բերքն առնվազն 20%-ով ցածր է, քան նախորդ տարի էր. 2016 թվականին այն կազմել է շուրջ 210 հազար տոննա, այս տարի՝ 170 հազար տոննայի սահմաններում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է մթերումներին, Ավագ Հարությունյանն ասաց, որ առայժմ դժգոհություններ չկան:
«Մինչև հիմա գյուղացիներն իրենց խաղողը տանում են այնտեղ, որտեղ իրենց խոստացել են նորմալ ժամկետներում վճարել կամ արդեն վճարում են: Մի շաբաթից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:
Նախորդ տարվա համեմատ խաղողի բերքի սակավ լինելը որևէ ազդեցություն չի ունենա գինեգործության վրա:
«Մենք բերքի ավելցուկ ունեինք, սա չի ազդում, ընդհակառակը, մեղմում է սոցիալական լարվածությունը և գործարանների վրա ճնշումը», - ասաց Ավագ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ խաղողի որակի հետ կապված ևս խնդիրներ չկան. կարկուտն ու անձրևները չեն վնասել բերքը: