26/09/2016 14:27
Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են՝ հաջորդ շաբաթ նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդին Բուտերֆայի դրական հայտարարությունների շնորհիվ, վկայում են վաճառքի տվյալները, հայտնում է РИА Новости-ն:
Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,73 տոկոսով՝ հասնելով բարելի համար 46,82 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,74 տոկոսով՝ հասնելով բարելի համար 44,81 դոլարի:
Կիրակի օրն Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդին Բուտերֆան հայտարարել է, որ երկիրը հույս ունի, որ ՕՊԵԿ-ն արդյունահանող երկրների կողմից նավթի արդյունահանման մակարդակի սառեցման կամ նվազեցման վերաբերյալ որոշում կկայացնի կազմակերպության անդամների առաջիկա հանդիպմանը:
Նախարարի խոսքով՝ Սաուդյան Արաբիան առաջարկել է նվազեցնել իր արդյունահանումն օրական 500 հազար բարելով, և հանդիպման մասնակիցները պատրաստվում են քննարկել այդ նախաձեռնությունը: Սաուդյան Արաբիան ամեն օր արդյունահանում է 10 միլիոն բարել նավթ:
ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 26-28-ին Ալժիրում՝ Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակում: