27/09/2016 15:03
Արմեն Լամբարյանի վիրահատությունը հաջող է անցել, որևէ բարդություն չկա. Միքայել Մանուկյան
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիրահատությունը:
«Վիրահատությունը հաջող է անցել, որևէ բարդություն չի եղել, հիմա վերակենդանացման բաժանմունքում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամի գիտակցությունը տեղն է, իսկ թե որքան ժամանակ կմնա հիվանդանոցում, դեռ պարզ չէ:
«Մեկ շաբաթից ոչ պակասը հաստատ է, պետք է ապաքինենք իրեն, նոր դուրս գրենք», - ասաց Միքայել Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ սա Արմեն Լամբարյանի վերջին վիրահատությունն է: «Եթե ոչ մի բարդություն հետվիրահատական շրջանում չլինի, իսկ մենք այդ ուղղությամբ ամեն ինչ անում ենք, ապա սա վերջինը կլինի: Կմնա միայն մեկ տարի հետո մետաղական հարթակը հեռացնելը», - ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրահատվելու է Արմեն Լամբարյանի ոտքը, կտեղադրվի մետաղական հարթակ:
Արմեն Լամբարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):