27/09/2016 15:21
Պաշտոնական Բաքուն հաշվի չի առնում Վենետիկի հանձնաժողովի քննադատական զեկույցը. Անժելա Էլիբեգովա
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական տվյալների նախնական արդյունքների համաձայն, ընտրողների մոտ 91 տոկոսը կողմ է քվեարկել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Մոտ 91 տոկոսը դրական է արձագանքել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 69,7 տոկոսն է մասնակցել», - ասաց Ա.Էլիբեգովան:
Փորձագետը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատական զեկույց էր հրապարակել Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, որը պաշտոնական Բաքուն անտեսել է:
«Միջազգային հանրությունն ի սկզբանե բացասական էր որակել այսպես կոչված բարեփոխումները: Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատական զեկույց էր հրապարակել, ինչին պաշոնական Բաքուն պատասխանել է, որ փաստաթղթերը կարծիք հայտնելու համար չեն ուղարկվել, հետևաբար, վերջիններիս կարծիքը իրենց համար լեգիտիմ, կարևոր և ընդունելի չէ», - նշեց Ա.Էլիբեգովան: