27/09/2016 12:29
Բնապահպանության նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանն առաջնորդվելու է Սահմանադրության 12-րդ հոդվածով
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար նշանակվելու դեպքում առաջնորդվելու է Սահմանադրության 12-րդ հոդվածով:
«Ինչ վերաբերվում է բնապահպանական խնդիրներին՝ ապա ինձ համար առաջնորդող պետք է լինի, մասնավորապես, Սահմանադրության 12 հոդվածը, որը ենթադրում է շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը պետական ու հանրային իշխանության կողմից», - լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը:
Նա հրաժարվեց պատասխանել իր հնարավոր նշանակման մասին հարցերին, քանի դեռ չի եղել համապատասխան որոշում:
«Պատշաճ չէ պատասխանել նման հարցերին, քանի դեռ կառավարությունը չի կազմավորվել ու չկա հրամանագիր: Ես գնահատում եմ ցանկացած նախարարի դիրքն ու տեղը», - ասաց Ա.Մինասյանը:
Նա նաև նշեց, որ կարոտում է աշխատանքը խորհրդարանում:
«Ես միշտ կարոտում եմ պառլամենտը: Այստեղ ազատությունը շատ ավելի որակյալ ու շատ ավելի մեծ է», - ասաց Ա.Մինասյանը: