27/09/2016 13:18
Զոյա Թադևոսյան. Սփյուռքի նախարարության անվանափոխումից անմիջապես հետո պետք չէ սպասել հայրենադարձության ալիք
Սփյուռքի նախարարությունն անվանափոխելով Սփյուռքի ու հայրենադարձության նախարարություն փորձ է արվում այդ անվանումը դարձնել ավելի կոռեկտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:
«Այսպիսով նախարարության անվանումը դարձնում են ավելի կոռեկտ: Սփյուռքի նախարարություն անվանումը ոչինչ չէր ասում, իսկ դրան ավելացնելով նաև «հայրենադարձություն» բառը՝ հստակ երևում է, թե այդուհետ որոնք են լինելու այս կառույցի գործառույթները: Այս առումով անվանափոխությունը որոշակիորեն ընդունելի է», - ասաց Զոյա Թադևոսյանը:
Անդրադառնալով հայրենադարձություն կազմակերպելու համար Հայաստանում եղած տնտեսական ներուժին՝ նա նշեց, որ անվանափոխումից անմիջապես հետո պետք չէ սպասել մեծ ալիք:
«Իհարկե, լավ կլինի, որ մեր հայրենակիցները վերադառնան, որովհետև նրանց ներկայությունը Հայաստանում կարևոր ռեսուրսի ներգրավվածություն կնշանակի: Պետք է հասկանալ, որ վերադարձողներն իրենց հետ բերում են նաև կապիտալ ու տնտեսական ռեսուրս ստեղծողները կարող են լինել հենց ներգաղթողները: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռևս չկա նպաստավոր միջավայր այսպիսի ներգաղթի համար: Այս անվանափոխումը չի նշանակում, որ հենց եղավ՝ վաղվանից ներգաղթ է սկսվելու: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական միջավայր, վստահություն կառավարությանը, վստահություն իրականացվող քաղաքականության հանդեպ», - նշեց Զոյա Թադևոսյանը: