27/09/2016 16:35
Խոսրով Հարությունյանը կոչ է անում իրավապահներին զբաղվել Գյումրիում գործող քաղաքապետի կողմից բաժանվող ընտրակաշառքների հարցով
«Մամուլն ու մեր գործըներներից շատերը այսօր ահազանգում են, որ Գյումրիում ընտրակաշառք բաժանելու համար սկսվել է ցուցակագրում։ Որպես արդարադատության նախարար և համակարգին տեղյակ անձնավորություն՝ առաջարկեք՝ ի՞նչ կարող ենք անել, որ այս երեք-չորս օրվա ընթացքում ընտրակաշառքների գործընթաց տեղի չունենա»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ չի տիրապետում մամուլի նման հաղորդագրություններին։
«Սա մշակույթի փոփոխության ու վերաբերմունքի հարց է։ Կան քաղաքական ուժեր, որ առաջարկում են կաշառք և կան քաղաքացիներ, որոնք վերցնում են։ Այս խնդիրներն առկա են, բայց արձագանքնելու հնարավորություն, թերևս, ավելի ուշ կունենանք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Այս հայտարարությունը զայրացրեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին։ Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ի սատարած թեկնածուն, ով նաև գործող քաղաքապետն է, ընտրակաշառք չի բաժանում։
«Ես, որպես Գյումրիում գործող քաղաքապետին սատարող ուժի ներկայացուցիչ, հայտարարում եմ ու պահանջում, որ իրավապահ մարմիններն այս հայտարարությունը հիմք ընդունեն ու սկսեն համապատասխան գործողություններ։ Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ մեր թեկնածուն նման քայլ կաներ։ Բայց եթե այս հայտարարությունը հնչել է, ուրեմն եկեք հիմք ընդունենք և մինչև վերջ գնանք ու վերջ տանք բոլոր այս խոսակցություններին»,-ասաց Խոսրով Հարությունյանը։