27/09/2016 11:32
Կառավարությունում տեղի կունենա կառուցվածքային փոփոխություն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախքան քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ ինքն ու այլ պատգամավորներ մի քանի դիտողություններով ու առաջարկներով հանդես եկան, և հարցրեց՝ դրանք ընդունվելո՞ւ են, թե՞ ոչ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ սա առաջին ընթերցումն է, երկրորդի մեջ արդեն կլինի:
Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 2 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում հայտարարվեց, որ կառավարության կազմում այլևս չի լինելու քաղաքաշինության նախարարություն. այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:
Մի շարք նախարարություններ ևս փոփոխություններ կկրեն և կվերանվանվեն:
Մասնավորապես, էներգետիայի և բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, էկոնոմիկայի նախարարությունը` ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն:
Կապի և տրանսպորտի նախարարությունը կվերանվանվի կապի,տրանսպորտի և ՏՏ ոլորտի նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների շրջանակում տուրիզմի վարչությունը դուրս կգա էկոնոմիկայի նախարարության կազմից և կստեղծվի համապատասխան կոմիտե:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ քաղավիացիայի վարչությունը կմիանա կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությանը: