27/09/2016 16:08
Սփյուռքի նախարարությանը բյուջեով սահմանված ֆինանսավորումը պետք է ավելացնել․ Կարինե Աճեմյան
Սփյուռքի նախարարությանը տրամադրվող գումարները պետք է վերանայվեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ես միշտ հետևել եմ բյուջեով նախատեսված գումարներին և Սփյուռքի նախարարությանն ուղարկված գումարները, մեղմ ասած, համեստ են։ Գիտեք, հայրենադարձության հարցը միշտ եղել է և պետք է լինի Սփյուռքի նախարարության ծրագրերում։ Իմաստն այն է, որ Սփյուռքի հետ կապերն ավելի զարգանան։ Եթե մեր երկիրը դինամիկ կերպով զարգանա, բնականաբար, հայրենադարձություն ևս կլինի», - նշեց պատգամավորը:
Հարցին, թե հայրենադարձությունն իրականցնելու դեպքում չե՞ն առաջանա դժվարություններ՝ կապված նոր աշխատատեղերի ստեղծման հետ, Աճեմյանը պատասխանեց․
«Բնականաբար, դժվարություններ կլինեն, որովհետև սոցիալական վիճակը մեզանում այնպիսին է, որ ներսում էլ աշխատատեղերի հետ կապված խնդիրներ ունենք և միշտ չէ, որ Հայաստանի հայերին հաջողվում է համապատասխան աշխատատեղերով ապահովվել։ Ամեն դեպքում, նախարարությունն անվանափոխելը դեռ քննարկման փուլում է։ Սա պարզապես առաջարկ է, որը պիտի քննարկվի։ Առաջարկն ընդունելուց հետո միայն պետք է վերանայել Սփյուռքի նախարարությանը բյուջերով նախատեսված գումարները»: