27/09/2016 09:13
Վահրամ Բաղդասարյանը ռեստորանի տարածքը արենդավճարով է տվել. «Ժողովուրդ»
Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում:
Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ: Ի պատասխան, նա ասել է. «Նախ ես ռեստորան չունեմ: Տարածքն էլ արենդավճարով (վարձավճարով) տրվել է, այնտեղ աշխատում են: Գնացեք, համապատասխան հասցեով ստուգում կատարեք»:
Այլ կերպ ասած, ըստ Բաղդասարյանի՝ ինքը ռեստորանի տարածքը վարձով է տվել և այդ օբյեկտի գործունեության հետ կապ չունի: Բայց ողջ խնդիրն այն է, որ ըստ Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա տարածքի վարձակալությունից եկամուտ չի ստացել, փոխարենը իբրև շահաբաժին, այսինքն՝ բիզնեսից անցած տարի 2 մլն 917 հազար դրամի եկամուտ է ստացել: Հիմա մնում է պարզել` ինչպես են արտոնյալ պայմաններում աշխատում` չվճարելով գազի վարձը, գրել է թերթը: