27/09/2016 12:53
Հայրենադարձությունը միայն Սփյուռքի նախարարության հույսին չի կարելի թողնել. Գագիկ Մելիքյան
Սփյուռքի նախարարությունը վերանվանելու մասին քննարկումները շուտով կավարտվեն և կկայացվի համապատասխան որոշում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարության:
Պատասխանելով հարցին, արդյոք պետությունն ունի համապատասխան տնտեսական ներուժ հայրենադարձության ծրագիր իրականացնելու համար, Գ.Մելիքյանը պատասխանեց, որ աշխատատեղերի ստեղծման խնդիրներով զբաղվում են տնտեսական բնագավառները կարգավորող նախարարություններն ու կառավարությունը:
«Բնական է, որ դա միայն Սփյուռքի նախարության հույսին չի կարելի թողնել, որովհետեև նրա նպատակը քարոզչական գործընթացն է», - ասաց Գ.Մելիքյանը:
Դիտարկմանը, որ Հայաստան եկած բազմաթիվ սիրիահայեր տնտեսական ու սոցիալական մեծ դժվարությունների բախվեցին, ՀՀԿ պատգամավորն արձագանքեց, որ «աշխատատեղերով ապահովելու խնդիր գոյություն ունի բոլոր հայրենադարձների ու մեր հայրենակիցների համար»:
«Այդ նպատակով կառավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի խնդրին», - ասաց Գ.Մելիքյանը: