27/09/2016 19:32
Տեղի ունեցավ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը
Սեպտեմբերի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Կյանքի մասին գիտությունների զարգացման նոր միտումներ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Կենսաինֆորմատիկայի, կենսաինժեներիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնը:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում (սեպտեմբերի 26-28, 2016թ.) Հայաստանի և արտերկրի մի շարք գիտահետազոտական և ԲՈՒՀ-ական հաստատությունների երիտասարդ գիտնականներ հանդես կգան զեկույցներով` ներկայացնելով մոլեկուլային և բջջային կենսաբանության հեռանկարային ուղղություններին առնչվող իրենց գիտական աշխատանքները: Բացի այդ, պլենար զեկույցներով հանդես կգան Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների առաջատար գիտական հաստատություններից հրավիրված ավելի քան 15 հայտնի գիտնականներ:
Մրցանակաբաշխության կոմիտեն կգնահատի զեկույցները և կշնորհի մրցանակներ լավագույն զեկուցումների համար:
Գիտաժողովը տեղի է ունենում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության, Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ հովանավորությամբ: