27/09/2016 13:49
Նորմալ եմ վերաբերվում Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու խոսակցություններին. Մելքումյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նորմալ է վերաբերվում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու խոսակցություններին:
«Ես Վիգեն Սարգսյանին վաղուց եմ ճանաչում: Դեռ այն ժամանակից, երբ նա պաշտպանության նախարարի ռեֆերենտն էր», - լրագրողների հետ զրույցում ասաց Մ.Մելքումյանը:
Նրա խոսքով, պաշտպանության նախարարը՝ քաղաքական պաշտոն է:
«Եվ եթե մենք գնացել ենք նրան, որ այդ պաշտոնում ոչ թե բարձրաստիճան զինվորական պետք է լինի, այլ համապատասխան մակարդակի քաղաքական դեմք, ապա ես նորմալ եմ վերաբերվում այդ նշանակմանը», - ասաց Մ.Մելքումյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա անունը շրջանառվում էր նաև որպես արտգործնախարարի հավանական թեկնածու: