28/09/2016 14:36
Երկար եմ սպասել այս օրվան ու հիմա անսահման երջանիկ եմ. Արթուր Աբրահամ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անձնական կյանքը միշտ էլ եղել ու մնում է հանրության ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի ամուսնացած չեմպիոնն օրերս վայելեց հայրության բերկրանքը. սեպտեմբերի 25-ին Գերմանիայում լույս աշխարհ եկավ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին:
«Ես երկար եմ սպասել այս օրվան ու հիմա անսահման երջանիկ եմ: Հիանալի զգացողություն է, որը չես կարող խոսքերով բացատրել, նկարագրել: Ե՛վ տղաս, և՛ կինս իրենց շատ լավ են զգում»,-Aysor.am-ի հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց նորաթուխ հայրիկը:
Դիտարկմանը, որ, սովորաբար, դրսում փոքրիկներին երկու անուններով են կնքում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Որդուս անունը Գրիգոր է ու նա հայրիկիս անվանակիրն է: Կարիք չկա երկրորդ անուն ունելու: Ես հպարտ եմ, որ տղաս կրում է հայրիկիս անունը»:
Հայաստանում շատերը սնահավատությունից ելնելով՝ մինչ երեխայի ծնվելը ոչինչ չեն գնում նրա համար: Արթուր Աբրահամի ընտանիքում նման մոտեցում չկա՝ փոքրիկն ի սկզբանե ամեն ինչ ուներ, ծնողները նախապես մանրակրկիտ պատրաստվել էին:
Թեև ծնողները միշտ էլ ասում են՝ երեխայի սեռը կարևոր չէ, բայց միևնույն է, հատկապես առաջնեկի դեպքում յուրաքանչյուրն իր սրտում այս կամ այն սեռի երեխայի փափագ է ունենում:
«Գիտեք, բոլոր երեխաներն էլ սիրելի են` լինեն աղջիկ, թե տղա: Բայց չեմ ժխտի, երազանքս 3 որդի ունենալն է: Այնպես որ, երեք որդով հաստատ սեղան կնստեմ և գուցե ավելին»,-ժպիտով խոստովանեց նա:
Փոքրիկ Գրիգորի մկրտության հարցում ծնողները դեռ չեն շտապում:
«Դեռ չեմ մտածել մկրտելու մասին, վստահ եմ` մի օր հաստատ կմտածեմ»,-ընդգծեց Ա. Աբրահամը:
Հարցին, թե երեխայի խնամքի հարցում ո՞վ է օգելու նորաթուխ մայրիկին, տատիկներն այնտե՞ղ են, թե՞ դայակի օգնությանը կդիմեն, չեմպիոն հայրիկը նկատեց.
«Երեխայի խնամքի հարցում պատասխանատու է մայրիկը: Մայրիկից լավ երեխային ոչ-ոք չի կարող խնամել»:
Արթուր Աբրահամը դեռ չգիտի՝ ե՞րբ հայրենիք կայցելի որդու՝ Գրիգոր Աբրահամյանի հետ, բայց այդ օրն էլ կգա:
Aysor.am-ը շնորհավորում է երջանի ծնողներին և անհոգ ու ուրախ մանկություն մաղթում փոքրիկ Գրիգորին: