28/09/2016 13:50
Բալասանյան Սամվելը խախտումների գնով ընտրվելու խնդիր չունի․ Խոսրով Հարությունյան
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը վստահ է, որ Գյումրիում ոչ մի թեկնածու չի փորձել ընտրակեղծիքների դիմել:
«Չեմ ենթադրում, որ որևէ թեկնածուի շահերից է բխում ընտրություններում համապատասխան ձայներ ապահովել այդպիսի անօրինականությունների (ընտրակաշառքի - Aysor.am) ճանապարհով։ Դրա համար էլ շատ պարզ հայտարարել եմ ու շարունակում եմ պնդել։ Թող իրավապահ մարմիններն այս հայտարարությունը հիմք ընդունեն ու ձեռնարկեն համապատասխան քայլեր», - ասաց պատգամավորը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում։
Անդրադառնալով գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որին սատարում է ՀՀԿ-ն՝ Խ․Հարությունյանը նշեց, որ Բալասանյանը ընտրությունները կեղծելու կարիք չունի։
«Բալասանյան Սամվելի շահերից դա չի բխում։ Նա նման բան չի անի, որովհետև նրա ընտրարշավը բավականին հաջող է ընթանում և մենք համոզված ենք հաջողության մեջ, ուրեմն էլ ինչո՞ւ պետք է ավելորդ պրոբլեմներ ստեղծեինք։ Բալասանյան Սամվելը խախտումների գնով ընտրվելու խնդիր չունի», - ասաց Խ. Հարությունյանը։