28/09/2016 16:25
Ասել, թե ՀՀԿ-ն չի սատարում Հարկային օրենսգրքին, նույնն է թե ասել՝ Արաքսը թափվում է Սև ծով. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՀՀԿ-ն չի սատարում Հարկային նոր օրենսգրքին, քանի որ ակտիվ չի մասնակցում Ազգային ժողովում կառավարության նախագծի քննարկումներին։
«Նախագծի առաջին ընթերցումից հետո ՀՀԿ-ն ակտիվ քննարկել է գործարարների, հանրության ներկայացուցիչների, կառավարության ու ՀԿ-ների հետ: Առաջինից երկորրդ ընթերցման ռեժիմով ԱԺ 14 պատգամավոր ներկայացրել է Հարկային օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկներ, որոնցից 14-ից 10-ը ՀՀԿ ներկայացուցիչներ են», - ԱԺ-ում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ասել, թե ՀՀԿ-ն ակտիվ չի աշխատում, չի սատարում Հարկային օրենսգրքին, նույնն է թե ասել՝ Արաքսը թափվում է Սև ծով:
«Մենք ամենաակտիվն ենք աշխատել, այսօր էլ խմբակցությունը մանրամասն քննարկել է այս հարցը: Մենք սատարում ենք, ունեցել և ունենք մտահոգություններ, բայց աշխատելով մեր գործընկերների հետ, այդ թվում ընդդիմադիր, լսել ենք հանրության առաջարկներն, ու դրանք զետեղված են երկրորդ ընթերցման մեջ», - ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա շեշտեց՝ առաջին ու երկրորդ ընթերցման համար ներկայացված նախագծերի միջև ահռելի փոփոխություն կա:
«Երկրորդ ընթերցման համար ներկայացված նախագիծը լի է բարեփոխումներով: Մեր խնդիրն է ունենանք այնպիսի Հարկային օրենսգիրք, այնպիսի ճկուն համակարգ, որը Հայաստանը կտանի ոչ թե դեպի ցնցումներ, այլ դեպի կայուն զարգացում», - ընգծեց Շարմազանովը: